ԱՄՆ մի շարք օդանավակայաններից British Airways ավիաընկերության չվերթները ուշանում են ուղեւորների գրանցման համակարգում խափանման պատճառով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
«Մենք կապ ենք պահպանում համապատասխան բաժինների հետ, որոնք անում են հնարավոր ամեն բան՝ հնարավորինս արագ խնդիրը լուծելու համար: Սակայն մենք պատրաստ չենք նշել հստակ ժամանակը, երբ համակարգը նորից կաշխատի»,-ասված է ընկերության՝ ուղեւորներին ուղղված նամակում:
Սոցիալական ցանցերի օգտատերերը համացանցում տեղադրել են բրիտանական ավիաընկերության ուղեւորների հերթերի լուսանկարները, որոնք սպասում են իրենց գրանցմանը: Հայտնի է, որ համակարգչային խափանումը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգթոնի, Աթլանթայի, Սիեթլի եւ Մեխիկոյի օդանավակայաններում:
Այս պահին ուշացած չվերթների հստակ թիվը հայտնի չէ:





























