Ամերիկացի հոգեբանները պարզել են հաջող առցանց ծանոթությունների բաղադրիչները, որոնց բավարարումը կմեծացնի ինտերնետի օգտատերերի շանսերը` հանդիպելու պոտենցիալ զուգընկերոջը, հայտնում է   Science News պարբերականը:

Գիտնականները վիճակագրական մոդել են մշակել, որը թույլ է տալիս որոշել համացանցում զուգընկերոջ ընտրության օպտիմալ ռազմավարությունը: Դրա հիման վրա հոգեբանները թվարկել են ծանոթությունների կայքում պրոֆիլի ժողովրդականությունը մեծացնելու միջոցները: Հեղինակները նշել են, որ հանդիպմանը ընտրության երկու փուլ է նախորդում` ըստ պրոֆիլի տվյալների եւ հետագա շփման արդյունքում: Հետազոտությունը գիտնականներին թույլ կտա խորհուրդներ տալ առաջին փուլի վերաբերյալ: 

Լուսանկարի առկայությունը դիտումների քանակը մեծացնում է  20 անգամ, իսկ ծխելը նվազեցնում է տասն անգամ: Տղամարդու բարձր հասակը կանանց զգալիորեն ավելի շատ է գրավել, քան ցածրը: Օրինակ` կանայք դիտել են այն տղամարդկանց պրոֆիլները, որոնք իրենցից բարձրահասակ են եղել: Տղամարդիկ հազվադեպ են ուսումնասիրել գեր կանանց պրոֆիլներ:  Կանայք միջինն ավելի հազվադեպ են ուշադրություն դարձրել տղամարդու քաշին:

Կանայք ավելի հազվադեպ են դիտել իրենցից տարիքով զգալիորեն  մեծ  տղամարդկանց պրոֆիլներ: Օրինակ` 20-ամյա աղջիկները տասն անգամ ավելի քիչ են ուշադրություն դարձրել 30-ամյա տղամարդկանց, քան իրենց տարեկիցներին: Մյուս կողմից,  45-ամյա կանայք տասը տոկոսով ավելի հաճախ են նայել իրենցից տասը տարի մեծ տղամարդկանց պրոֆիլներ, քան երիտասարդները, մինչդեռ   40 տարեկանից մեծ տղամարդիկ ավելի շատ են հետաքրքրվել երիտասարդ կանանցով:  

Հոգեբաններն ընդհանուր առմամբ պատահական եղանակով   1855 մարդ են ընտրել, որոնք ծանոթանում էին ինտերնետում եւ ապրում էին Նյու Յորքում: Հեղինակները  դիտարկվողների միջեւ փոխազդեցության ընդհանուր առմամբ ավելի քան  1,1 մլն ակտ են դիտարկել (օրինակ` պրոֆիլի բացում, լուսանկարների դիտում եւ լայքեր): Յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլը, լուսանկարներից բացի, իր մեջ ներառել տեղեկություններ տարիքի, քաշի, կրթության, ընտանեկան դրության, երեխաների քանակի, ծխելու հակման եւ ալկոհոլ օգտագործելու մասին:

Ամերիկացիների մոտավորապես հինգ տոկոսը (մոտ 30 մլն մարդ) իր զուգընկերոջը հանդիպել է առցանց ծանոթության արդյունքում: Հեղինակները նշում են, որ հետազոտությունը կարող է օգտակար լինել ինտերնետում շփումից հետո հաջող հանդիպումների համար: