Անկարայում լրագրող Միշել Ֆրիդմանի եւ Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հեռուստատեսային զրույցի ձայնագրությունից կարճ ժամանակ անց, որն արվել էր Deutsche Welle մեդիաընկերության Conflict Zone հաղորդման համար, թուրքական կողմն առգրավել է հարցազրույցի ձայնագրությունը:

Զրույցը ձայնագրվել է սեպտեմբերի 5-ին, նախարարության շենքում: Հաղորդման ժամանակ տեղ գտած թեմաների մասին նախարարության աշխատակիցներին տեղեկացրել էին նախապես:

Ֆրիդմանը զրուցակցի հետ քննարկել է հուլիսին իրականացված պետական հեղաշրջման փորձը, դրան հետեւած զանգվածային մաքրումներն ու ձերբակալությունները, Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ թուրքական հանրությունում կանանց կարգավիճակը: Նախարարին խնդրել են նաեւ մեկնաբանել այս թեմաների շուրջ Թուրքիայի նախագահ Էրդողանի մի շարք հայտարարությունները:

Հարցազրույցի ավարտից հետո նախարարության մամուլի քարտուղարն անսպասելիորեն հայտարարել է, որ Deutsche Welle-ն իրավունք չունի հրապարակել զրույցը: Չնայած DW-ի թիմի բողոքներին՝ նկարահանված ամբողջ նյութն առգրավվել է:

DW-ի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգը դատապարտել է թուրքական իշխանությունների գործողությունները: «Սա Թուրքիայում լրատվամիջոցների ազատության խախտման հերթական աղաղակող փաստ է: Մենք թուրքական կողմից պահանջում ենք անհապաղ հետ վերադարձնել նկարահանված նյութերը: Մենք նաեւ ստուգում ենք, թե ինչ իրավական քայլեր կարելի է ձեռնարկել»,- նշել է DW-ի գլխավոր տնօրենը: