Լոս Անջելեսի շրջանում գտնվող առանձնատունը, որտեղ նկարահանվել են «Կնքահայրը» ֆիլմի դրվագները, 195 մլն դոլարով վաճառքի է հանվել, գրում է Wall Street Journal–ը։

Խոսքը 1925–ին կառուցված առանձնատան մասին է, որը գտնվում է հանրահայտ Բեւերլի Հիլզում։ Այն համարվում է ԱՄՆ տարածքում անշարժ գույքի ամենաթանկ օբյեկտներից մեկը։ 2 հա մակերես զբաղեցնող տարածքում կա 6 շինություն, այդ թվում՝ գիշերային ակումբ եւ կինոթատրոն, իսկ բնակելի համալիրն ունի 28 ննջարան ու 38 սանհանգույց։

Կալվածքում կան գեղատեսիլ այգիներ, 2 թենիսի դաշտ, լողավազան, ընդունելության գոտի՝ նախատեսված 400 մարդու համար։ Առանձնատունը միավորում է իտալական եւ իսպանական ճարտարապետության տարրերը։

Վերջին ժամանակներս առանձնատունը վարձակալում էին ամսական 600 հազար դոլարով։