Եվրոպայում առաջին գարեջրի շատրվանը բացվել է Սլովենիայի կենտրոնական մասում գտնվող Ժալեց քաղաքում, հայտնում է RTV Slovenija հեռուստաընկերությունը:
Տեսարժան վայրի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել երեքշաբթի` սեպտեմբերի 6-ին, ավելի քան հազար մարդ է ներկա եղել, չնայած վատ եղանակին: Հնարավոր է փորձել շատրվանից գարեջուր խմել` վճարելով վեց եվրո: Այդ գումարի դիմաց մեկ մարդը կարող է փրփրուն ըմպելիքի հինգ բաժակ խմել: Ժալեցի իշխանությունները հույս են հայտնել, որ նորույթը զբոսաշրջիկների կգրավի դեպի քաղաք:





























