Մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռն օդաչուի անուշադրության պատճառով վայրէջք է կատարել ավստրալական Մելբուրնում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լամպուրի փոխարեն, ասված է Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա մարտին, սակայն դեպքի հետաքննության տվյալները միայն այժմ են հրապարակվել: AirAsia ավիաընկերության Airbus A330-ը 2015 թվականի մարտի 10-ին Սիդնեյից մեկնել է Կուալա-Լամպուր: Թռիչքի ընթացքում ինքնաթիռի անձնակազմը ինքնաթիռի նավիգացիոն համակարգում խնդիրներ է նկատել, բայց չի կարողացել Սիդնեյ վերադառնալ վատացած եղանակային պայմանների պատճառով: Արդյունքում «կապիտանը պատահաբար ինքնաթիռի սխալ երկայնակի դիրք է տվել», ինչն ազդել է ինքնաթիռի նավիգացիոն համակարգի վրա եւ օդաչուները չեն նկատել, որ հակառակ ուղղությամբ են թռչում:
«Այդ դեպքն ընդգծում է, որ նույնիսկ փորձառու անձնակազմը պաշտպանված չէ տվյալների սխալներից», —ամփոփում են Բյուրոյի մասնագետները:





























