Սյունիքի մարզում վաշտի հրամանատարին ծեծելու մեջ մեղադրվող 6 ժամկետային զինծառայողներին կալանավորել են՝ հիմնվելով միայն սպաների ցուցմունքների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողների պաշտպան Վաչագան Քոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ 6 զինծառայողները 10 րոպե ծեծի են ենթարկել վաշտի հրամանատար, կապիտան Կարեն Խաչատրյանին, այնինչ դատաբժշկական փորձաքննությամբ ծեծից առաջացած մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել հրամանատարի մարմնի վրա:

«Ըստ մեղադրանքի՝ զինվորները կատաղության նոպայի մեջ հրամանատարին  գցել են գետնին, ծեծել են: Դեպքը եղել է մայիս ամսին, ձմռանը չի եղել, գցել են գետնին ծեծել, ու ոչ մի վանսվածք չ՞ի ստացել: Ըստ փորձաքննության մենակ աչքի տակ վնասվածք կա»,- ասաց փաստաբանը:

Վաչագան Քոսյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում: Կողմերը տեղի ունեցածը տարբեր կերպ են ներկայացնում: Ըստ զինծառայողների՝ հարամանատարը շարքից հանել է իրենց 6-ին, հայհոյել, մեկն ընդդիմացել է ու ընդհարում է տեղի ունեցել նրանց երկուսի միջեւ, հարվածել են իրար, մյուսներն էլ փորձել են հանդարտեցնել:

Փաստաբանը նշեց, որ հրամանատարի ցուցմունքի համաձայն՝ նախորդ օրը տղաները իրենցից մեկի ծնունդի ժամանակ օղի են օգտագործած եղել, ինչի առիթով էլ ինքը նրանց կարգի է հրավիրել, երբ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել:

«Ասում են՝ 10 րոպե ծեծել են: Շուրջն էլ սպաներ են եղել, որոնք ցուցմունքներ են տվել: Ոնց կարա պատահի, որ էդքան մարդու աչքի առաջ 10 րոպե ծեծեին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ միջադեպի հետեւանքով զինծառայողներից մեկը քթի կոտրվածք է ստացել:

Նշենք, որ կապիտան Կարեն Խաչատրյանը պայմանական ազատազրկման է դատապարտված՝ 1 տարի փորձաշրջանով: Նա մեղավոր է ճանաչվել, որ հրաժարվելով իր վրա դրված զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց,առանց թույլտվության չի ներկայացել զորամաս, ինչը զուգորդվել է զինվորական առանձին պարտականությունների կատարման փաստացի դադարեցմամբ: Բացի այդ՝ նա ինքնակամ լքել է դիտակետը եւ վերադարձել հաջորդ օրը:

Ժամկետային զինծառայողները՝ Յուրի Հովհաննիսյանը, Արման Միքայելյանը, Վազգեն Մխեյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Ասատրյանը եւ Հակոբ Վարդանյանը կալանավորված են: