Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ուղերձով դիմել է հայ ֆուտբոլասերներին.
«Եվրո-2012 թվականի ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը բազում հաճելի պահեր պարգեւեց բոլորիս: Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ հանդիպումներում մեր տղաները ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջեւ դրված ամենաբարդ խնդիրները, եւ ամենակարեւորը, գեղեցիկ ու արդյունավետ խաղով հաճույք պատճառել մեր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականը, որը հանդես է գալիս երիտասարդ կազմով, ձեւավորման փուլում է եւ Ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր ընտրանին այսօր հաջողությունների է հասել:
Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր երկրպագուներին` Հայաստանի ազգային հավաքականին բուռն աջակցելու եւ քաջալերելու համար: Հուսով եմ, որ հաջորդ տարի պատասխանատու հանդիպումների ժամանակ դուք կրկին կլինեք սիրելի հավաքականի կողքին:
Շնորհավորում եմ ողջ հայությանը, մարզասեր հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին այս հաղթնակների առթիվ, կիսելով Ձեզ հետ այն համոզմունքը, որ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն հանդիպումները դեռ առջեւում են»:



























