Ռուսաստանը չէր կարող Թուրքիայի նախագահ Էրդողանին պաշտպանել հեղաշրջումից։ Սեպտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ զրույցում, նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը։ Ներկայիս պայմաններում Ռուսաստանը հնարավորություն չունի որեւէ կերպ ազդել Թուրքիայի ներքին քաղաքականության վրա։ Այն կարելի է այդ երկրի ներքին գործը համարել, եւ արտաքին միջամտության մասին բոլոր դատողությունները պետք է սպեկուլյատիվ համարել, ասել է նա։
Այլ բան է, որ հեղաշրջման փորձի մասին, ամենայն հավանականությամբ, իր միջոցներով տեղեկացել է ինքը՝ Էրդողանը։ Տվյալներ կան, որ Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանը խորհրդակցություն է ունեցել երկրի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել ապստամբության օրը՝ ժամը 16–ին։ Իրավիճակի մասին զեկուցել էին նախագահին։ Հեղաշրջման կազմակերպիչները, իմանալով այդ մասին, գործողությունների մեկնարկը տեղափոխել էին գիշերվա ժամը 3-ից երեկոյան ժամը 10-ը։ Շտապողականության պատճառով պլանը ձախողվեց. կազմակերպիչների վարքից պարզ էր դառնում, որ նրանք միասնական պլան չեն ունեցել։
Ինչ վերաբերում է հեղաշրջման փորձից հետո ագրեսիայի դրսեւորմանը, ապա իրադարձություններից անմիջապես հետո փողոց դուրս եկած ցուցարարները առաջին հերթին հարձակվում էին ալավիների թաղամասերի վրա։ «Քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի դեմ դիտավորյալ գործողություններ չեն եղել, հակառակ դեպքում մենք այդ մասին տեղյակ կլինեինք։ Էրդողանի կողմնակիցների թվում քիչ չէին նրանք, որոնք կարող էին նման հարձակումներ կատարել։ Սակայն Թուրքիայում տարբեր ուժեր շատ զբաղված են մեկը մյուսի դեմ պայքարով, որպեսզի մտածեն քրիստոնյաների կամ ալավիների դեմ ճնշումների մասին»,– հավելեց Սաֆրաստյանը։




























