«Իմաստունների խումբը», որի կազմում են Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի 12 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ղեկավարությամբ, սկսել են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հիմնադրույթների մշակման աշխատանքները։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ապրիլյան հոբելյանական գագաթնաժողովում այդ խոշորագույն ռազմաքաղաքական դաշինքի 28 անդամ-երկրները հանձնարարել են ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսսենին՝ ապահովել դաշինքի ռազմավարական հիմնադրույթների մշակումը՝ ՆԱՏՕ-ի հերթական հանդիպման համար, որը, ինչպես սպասվում էր, կկայանա 2010 թ-ի վերջին։ Փորձագետների խմբի կազմ են մտել Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Լատվիայի եւ Հունաստանի դիվանագիտական եւ գիտական հանրությունների ներկայացուցիչները։ Ձեւականորեն փաստաթղթի վրա աշխատանքի գործընթացը սկսվել է հուլիսի 7-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկած միջազգային անվտանգության շուրջ ներկայացուցչական միջազգային համաժողովում։