Գերմանիայում առաջարկել են լուծարել արտասահմանում կնքված դեռահասների ամուսնությունները: Նման ամուսնությունները պետք է արգելվեն, հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղար Օլե Շրյոդերը, փոխանցում է DW-ն:
Շրյոդերի կարծիքով անհրաժեշտ է հստակ արգելք սահմանել: Ընդ որում, նման ամուսնությունները ոչ մի կրոնական արդարացումներ չպետք է ունենան:
ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ Գերմանիայում այս պահին բնակվում է 1475 ամուսնացած անչափահաս օտարերկրացի, որոնցից 361-ի 14 տարին դեռ չի լրացել: Որպես կանոն՝ խոսքն աղջիկների մասին է, նրանց թիվը կազմում է 1152: Նրանք ամուսնացել են դեռ հայրենիքում նախքան Գերմանիա տեղափոխվելը:
Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ ամուսնությունը թույլատրելի է միայն չափահասների միջեւ: Սակայն առանձին դեպքերում կարելի է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, միայն եթե զուգընկերը 18 տարեկան է, իսկ անչափահասի ծնողները դեմ չեն: 14-ամյա դեռահասի եւ չափահաս զուգընկերոջ միջեւ կնքված ամուսնությունը կարող է լուծարվել դատարանով:





























