Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչ եղանակով են ձեւավորվում կեղծ հիշողությունները, հայտնում է Informing-ը: 

Այդ նպատակով նրանք հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում կիրառել են DRM-ի մեթոդը, որը մշակվել է հատուկ կեղծ հիշողությունները որոշելու համար: 

Փորձարկման բոլոր մասնակիցներին մասնագետներն առաջարկել են մի քանի բառ կարդալ եւ մտապահել, օրինակ` «ձմեռ», «ձյուն», «սառույց» եւ «տաքություն»: Այդ բոլոր բառերը, բացառությամբ մեկի, զուգորդվել են խայծ բառի հետ, որը ներառված չի եղել ցուցակում: Դիտարկվող դեպքում դա «ցուրտ» բառն է:

Որոշ ժամանակ անց կամավորներին խնդրել են բառեր թվարկել առաջարկված ցուցակից եւ փորձարկման մասնակիցները շատ հաճախ պնդել են, որ իրենք հաստատ հիշում են խայծ բառը: 

Փորձարկման արդյունքների վրա հիմնվելով` գիտնականները եզրակացրել են, որ այդ էֆեկտը հիմնված է ցուցակի բառերի իմաստային նմանության վրա, ինչպես նաեւ այն սկզբունքի, որի համաձայն, մեր ուղեղը կարգավորում է գիտելիքները: Այսինքն մարդը չի հիշում յուրաքանչյուր բառ առանձին վերցրած, այլ ընդհանուր տպավորություն է կառուցում, որը պահպանվում է հիշողության մեջ: