Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր մրցակցուհուն՝ Հիլարի Քլինթոնին, շուտափույթ ապաքինում է մաղթել։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբն անմիջապես չի հայտնել, որ Քլինթոնին թոքաբորբ են ախտորոշել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրավամբ չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում: Նրան շուտափույթ ապաքինում եմ ցանկանում»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստվում է առաջիկայում սեփական առողջության մասին մանրակրկիտ տեղեկություն հրապարակել:

Կիրակի օրը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր Նյու Յորքի կենտրոնում ընթացող 2001 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ: Նրա ընտրական շտաբի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նիք Մերիլը հայտարարել էր, որ նախկին պետքարտուղարի ջերմությունը բարձրացել է, եւ նա գնացել է դստեր տուն: Մոտ երկու ժամ հետո Քլինթոնը կարողացել է ինքնուրույն նստել մեքենա եւ տուն ուղեւորվել:

Ավելի ուշ Քլինթոնի անձնական բժիշկ Լիզա Բարդեկը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին նախագահի թեկնածուին թոքաբորբ են ախտորոշել: Հիվանդության պատճառով նա ստիպված էր հետաձգել ուղեւորությունը Քալիֆորնիայի նահանգ, որը մտադիր էր կատարել նախընտրական արշավի շրջանակում: