Իր 3 մլրդ դոլարի պարտքը չստացած Ռուսաստանը սեպտեմբերի 14-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհրդի նիստին դեմ կքվեարկի Ուկրաինային տնտեսական օգնության նոր տրանշի տրամադրմանը, բայց պատրաստ է պարտքային վեճի մինչդատական կարգավորման, եթե Կիեւը փոխի իր առաջարկները: Այդ մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հայտնում է Reuters-ը:
ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կողմից որոշման կայացման համար պարզ մեծամասնություն է անհրաժեշտ, Ռուսաստանը ձայների 2,6 տոկոս ունի ԱՄՆ-ի համեմատ, որը ձայների 16,54 տոկոս ունի:
Սիլուանովի խոսքով, ՌԴ-ի ներկայացուցիչները տնօրենների խորհրդին կայացվելիք որոշման վերաբերյալ այլ երկրների հետ չեն համաձայնեցրել իրենց դիրքորոշումը:
Ռուսաստանը փետրվարին դիմել է Լոնդոնի Գերագույն դատարանին` պահանջելով մարել եվրոբոնդերը, որոնց շրջանառության ժամկետը սպառվել է 2015 թվականի դեկտեմբերի 20-ին եւ վճարել տոկոսները, որոնց վերաբերյալ ուկրաինական կառավարությունը մորատորիում է մտցրել:
«Ռուսաստանյան կողմի հետ պայմանավորվելու, բանակցություններ անցկացնելու բոլոր այդ փորձերը… ըստ էության կեղծ էին: Դրանք ոչ մի ռեալ հիմք չունեին: Իսկ այսօր մեր բոլոր նկատառումները մենք նամակի տեսքով կուղարկենք (ԱՄՀ-ի) կարգադրիչ-տնօրեն տիկին Լագարդին: Հիմնադրամը գուցե տեղեկությունների ամբողջական ծավալը չունի բանակցությունների մասին, չնայած դա տարօրինակ կլիներ», - ասել է Սիլուանովը:
Ռուսաստանի Ֆինանսների նախարարության ղեկավարը հաստատել է ուկրաինական ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկի հետ հանդիպման մասին պայմանավորվածությունն արդեն հոկտեմբերին Վաշինգտոնում ԱՄՀ-ի խորհրդի եւ Համաշխարհային բանկի խմբի ամենամյա խորհրդակցությունների ընթացքում: «Մենք պատրաստ ենք պարտքի վերաբերյալ մինչդատական պայմանավորվածությունների: Այո, իրոք Վաշինգտոնում Գերմանիայի միջնորդությամբ Ուկրաինայի ֆինանսների նախարարի հետ հանդիպելու պլաններ կան: Նման նախնական պայմանավորվածություններ կան», - ասել է Սիլուանովը: «Բայց մենք պատրաստ կլինենք մինչդատական պայմանավորվածությունների վերաբերյալ հարցեր քննարկել` պայմանով, որ ուկրաինական կողմի առաջարկներն էականորեն տարբերվեն այն առաջարկներից, որոնց համաձայն էին առեւտրական վարկատուները: Մենք չենք կարողանա պայմանավորվել, եթե ուկրաինական կողմը նույն դիրքորոշումը որդեգրի: Եթե դա շարունակվի նույն ոգով, ինչ նախորդ հանդիպումներին, նման բանակցությունները բացարձակապես ոչ կառուցողական կլինեն: Դա մեր կոշտ դիրքորոշումն է», - հավելել է նա:





























