Ռուսաստանին, իհարկե, տհաճ կլինի, եթե Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ–ին, սակայն դա ամեն դեպքում տեղի կունենա։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ Երեւանում բացված «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ, ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
Անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ–ին Վրաստանի հնարավոր անդամակցության դեպքում, Մայա Փանջիկիձեն ասաց. «Ռուսաստանը դրական չի արձագանքի, մենք դա գիտենք։ Եվ մենք դա գիտենք վաղուց։ Սակայն ՆԱՏՕ–ն ապացուցեց, որ չնայած Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ–ի ընդլայնմանը, ամեն դեպքում դաշինքին նոր անդամներ են միանում։ Այնպես որ ես կարծում եմ, որ Ռուսաստանը ՆԱՏՕ–ի նկատմամբ վետոի իրավունք չունի։ Եվ Վրաստանն էլ ազատ երկր է, որը կարող է ինքնուրույն ընտրություն անել։ Ռուսաստանին, իհարկե, հաճելի չի լինի, եթե Վրաստանը միանա ՆԱՏՕ–ին, սակայն դա ամեն դեպքում կլինի»։





























