Վրաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմավարական ինտենսիվ գործընկերություն է հաստատել, բայց դա ոչ մի ընդհանրություն չունի երեք երկրներում գոյություն ունեցող խնդիրների հետ: Այս մասին սեպտեմբերի 12-ին «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Դա հակամարտությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Երկրների զարգացման համար ամենագլխավորը տնտեսությունն է, եւ տնտեսությունն է ընկած այդ հարաբերությունների հիմքում: Այնպես է ստացվել, որ մեզ մոտ դեռեւս Էդուարդ Շեւարդնաձեի եւ Հեյդար Ալիեւի ժամանակներից են սկսվել տնտեսական շփումները, եւ դրանք հրաշալի զարգանում են»,- նշել է Մայա Փանջիկիձեն՝ շարունակելով, որ Վրաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Ադրբեջանում եւ Թուրքիայում գազամուղների առկայությունը:
Անդրադառնալով Իրան-Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին՝ Մայա Փանջիկիձեն նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո իրավիճակը փոխվում է: «Նոր հեռանկարներ են բացվում, Իրանի հետ Վրաստանը տնտեսական շատ լավ հարաբերություններ ունի: Ես կարծում եմ, որ ամբողջ հարցը շահերի մեջ է, իսկ շահերը շատ հաճախ տնտեսության հետ են կապված, քանի որ եւ՛ դուք, եւ՛ մենք տնտեսական զարգացման խնդիրներ ունենք: Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է տարբեր ուղիներ փնտրել: Իրանի «բացվելուց» հետո կարելի է հարաբերություններն ավելի սերտ դարձնելու ռազմավարական ծրագիր մշակել»,- ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարարը:





























