Պարսից ծոցի երկրներն անհանգստություն են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրինագծի առիթով, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին թույլ կտա Սաուդյան Արաբիայի դեմ դատական հայց ներկայացնել՝ ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը, որում 6 երկիր է ներառված, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, հայտարարել է, որ օրինագիծը «հակասում է պետությունների միջեւ հարաբերությունների սկզբունքներին եւ հիմքերին, հատկապես՝ ինքնիշխան պետության անձեռնմխելիության սկզբունքին»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 9-ին օրինագիծ է ընդունել՝ չնայած վետո սահմանելու մասին Սպիտակ տան սպառնալիքին: Սենատն «Ահաբեկչության հովանավորնեի դեմ արդարադատության» ակտ է ընդունել (The Justice Against Sponsors of Terrorism Act (JASTA)) դեռեւս մայիսին:

Սպիտակ տունը դեմ է այս օրինագծին՝ համարելով, որ այն կարող է փչացնել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, արտերկրում բնակվող քաղաքացիներին դատական հետաքննության վտանգի ենթարկել եւ այլ պետությունների կողմից ԱՄՆ-ի դեմ հայցերի համար նախադեպ հանդիսանալ:

Սեպտեմբերի 11-ին օդանավերի գրավմանը մասնակցած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, սակայն Էր Ռիադը հերքում է մեղադրանքներն այն մասին, որ երկրի կառավարությունը որեւէ կերպ մասնակից է ահաբեկչություններին կամ սատարում է ահաբեկիչների հետ կապ ունեցող կազմակերպություններին: