ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է սահմանել օրինագծի նկատմամբ, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին թույլ է տալիս դատական հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի կառավարության դեմ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Նրա խոսքով՝ նախագահը մտավախություն ունի, որ այդ օրինագիծն ԱՄՆ-ի դեմ այլ երկրների քաղաքացիների կողմից հայցեր ներկայացնելու հնարավորություն կբացի: «Այնպես, ինչպես կազմված է այդ օրինագիծը, ռիսկեր է ստեղծում ԱՄՆ-ի, ամերիկյան դիվանագետների եւ նույնիսկ ընկերությունների համար, որոնց դեմ կարող են դատական հայց ներկայացնել ամբողջ աշխարհում»,- ասել է Էռնեստը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 9-ին օրինագիծ է ընդունել՝ չնայած վետո սահմանելու մասին Սպիտակ տան սպառնալիքին: Սենատն «Ահաբեկչության հովանավորնեի դեմ արդարադատության» ակտ է ընդունել (The Justice Against Sponsors of Terrorism Act (JASTA)) դեռեւս մայիսին:

Սեպտեմբերի 11-ին օդանավերի գրավմանը մասնակցած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, սակայն Էր Ռիադը հերքում է մեղադրանքներն այն մասին, որ երկրի կառավարությունը որեւէ կերպ մասնակից է ահաբեկչություններին կամ սատարում է ահաբեկիչների հետ կապ ունեցող կազմակերպություններին:

Սպիտակ տան վետոն կարելի է շրջանցել, եթե օրինագիծը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում առնվազն երկու երրորդ ձայն հավաքի: