5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ նոր պլաստիկե թղթադրամը, որը պատրաստված է պոլիմերային ճկուն ժապավենից, երեքշաբթի շրջանառության մեջ է դրվել Մեծ Բրիտանիայում: Թղթադրամը, որի վրա պատկերված է բրիտանական հռչակավոր վարչապետ Ուինսթոն Չերչիլը, թողարկվել է մոտ 440 մլն հատ օրինակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Անցումային շրջանը, որի ընթացքում խանութները կընդունեն եւ նոր, եւ հին թղթադրամները, կտեւի մինչեւ 2017-ի մայիս: Այդ ժամկետից հետո հին հինգֆունտանոց թղթադրամներն անհրաժեշտ կլինի փոխել Անգլիայի Բանկում:   

Պլաստիկե թղթադրամի ներկայացումը տեղի է ունեցել հունիսի սկզբին Մալբորոյի դքսի ընտանեկան կալվածքում, որտեղ  1874 թվականին ծնվել է Չերչիլը:

Անգլիայի Բանկը նախատեսել է հետագայում` 2017 թվականին նաեւ 10 ֆունտ արժողությամբ պլաստիկե թղթադրամներ թողարկել, իսկ 2020 թվականին` նաեւ  20 ֆունտանոց:

Պոլիմերային նյութի շնորհիվ, որից պատրաստված են նոր դրամական նշանները, թղթադրամը ջուրը դուրս մղող հատկություններ ունի եւ շահագործման ավելի երկար ժամկետ:  Նոր փողը ի վիճակի կլինի դիմանալ   լվացքի մեքենայով լվացմանը, սակայն կարող է հալվել բարձր ջերմաստիճանի դեպքում: Բացի այդ, դրամական նշանները կեղծվելու դեմ ավելի բարձր պաշտպանություն կունենան: