ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը ավելի քան 35 սենատորների, կոնգրեսականների եւ իրավապաշտպանների հետ միասին կոչ է արել ԱՄՆ–ի կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքների պաշտպանության համար եւ վերջ դնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման գործում ԱՄՆ մասնակցությանը։

«Ես ձեր առջեւ կանգնած եմ որպես ցեղասպանություն վերապրածների թոռնուհի, որպես մարդ, որը ծնվել է Մերձավոր Արեւելքում՝ Բեյրութում։ Եվ ես կանգնած եմ ձեր առջեւ որպես հայ քրիստոնյա ընտանիքի հարս, որը լքել է Հալեպում իր տունը՝ փախչելով կրոնական հալածանքներից»,– ասել է նա Կապիտոլիումի բլրի վրա հյուրերի առաջ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» թեմայով գիտաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ քրիստոնյաների, եզդիների եւ Մերձավոր Արեւելքի մյուս փոքրամասնությունների զանգվածային հալածանքները եւ բնաջնջումն այսօր կրոնական եւ էթնիկ դրդապատճառներով իրականացվող ցեղասպանություն է։

Նշելով, որ հայ ժողովուրդը ավելի քան 100 տարի պայքարել է ցեղասպանության եւ դրա ժխտման դեմ, Դիմեջյանը պատմել է, թե ինչու է այդքան կարեւոր, որ ԿՈնգրեսը ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանանձեւը։