Սերբ հռչակավոր դերասան Էմիր Կուստուրիցան, ով մեծ աղմուկով լքել էր Անթալիայում անցկացվող «Ոսկե նարինջ» կինոփառատոնը իր դեմ հնչող բողոքների պատճառով, հայտարարել է, թե Անթալիայի քաղաքապետն անձամբ է իրեն առաջարկել դառնալ Անթալիայի պատվավոր քաղաքացի։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Կուստուրիցան հարցազրույց է տվել սերբական Politika թերթին՝ նշելով, որ Թուրքիայում իր դեմ սկսված արշավը լրիվ անտեղի էր։ «Իմ բոլորը ֆիլմերը ցուցադրվել են Թուրքիայում եւ 10 անգամ էլ համերգ եմ տվել Թուրքիայում, սակայն ոչ մի բացասական բան չի եղել այդ ընթացքում»,- նշել է Կուստուրիցան։

Սերբ հայտնի կինոռեժիսորը պնդել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իրեն է օգտագործել հարվածելու համար Անթալիայի ընդդիմադիր կուսակցության անդամ քաղաքապետին։

Նշենք, որ Էմիր Կուստուրիցան հրաժարվել է «Ոսկե նարինջ» կինոփառատոնում ժյուրիի անդամությունից, քանի որ թուրք կինոռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն հայտարարել էր, թե Կուստուրիցայի ներկայության դեպքում իր «Մեղր» ֆիլմը չի ներկայացնի։ Իր հերթին, Թուրքիայի մշակույթի նախարարն էլ հայտնել էր, թե Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի փառատոնին:

Կուստուրիցան քննադատել էր իր դեմ իրականացվող այս գործողությունները, թշնամի հայտարարել Թուրքիայի մշակույթի նախարարին եւ հարցրել Քափլանօղլուին, թե ինչո՞ւ նա չի բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքիայում Կուստուրիցային մեղադրում են բոսնիացիների կոտորածները պաշտպանելու մեջ: