ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշահի ԱՄՆ–ի հետ կնքած՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրից՝ անկախ այն հանգամանքից, թե հրադադարի մասին հայտարարությունը կպահպանվի, թե ոչ, գրում է The Washington Post–ը։
Թերթը հիշեցնում է, որ երբ Ռուսաստանը մեկ տարի առաջ Սիրիայում ռազմական արշավ սկսեց, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կանխատեսում էր, որ այն կներքաշվի ճահճի մեջ։ Սակայն պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ համաձայնագիրը Կրեմլին խոստանում է այն ամենը, ինչին դա ձգտում էր։
Այսպես՝ դեռեւս մեկ տարի առաջ թույլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն ամրապնդվում է, իսկ ընդդիմությունը, ընդհակառակը, լուրջ կորուստներ է կրում, նշում է թերթը։ Վաշինգթոնը տեղի է տվել Պուտինի պահանջին՝ միավորվել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների։
Պարբերականի կարծիքով համաձայնագիրը Վաշինգթոնի կողմից մեծ զիջումներ է պարունակում, որոնք փաստացի նշանակում են հրաժարվել Սիրիան Ասադից ազատելու խնդրից եւ ԱՄՆ–ին վերածում են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի կրտսեր գործընկերոջ։ Սակայն, հնարավոր է, դա միակ տարբերակն է, որը մնում է ԱՄՆ–ին, եթե վարչակազմը համարում է, որ անգամ սահմանափակ ռազմական միջամտությունը դատապարտված է ձախողման։





























