ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Երեւանում, կքննարկվի մինչեւ 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարությունը: Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:
«Ես նախագահին ներկայացրեցի մեր կատարած աշխատանքը հավաքական անվտանգության ռազմավարության մշակումն ավարտելու ուղղությամբ: Մենք փաստաթուղթը գործնականում համաձայնեցրել ենք եւ նախագահներին կներկայացնենք հոկտեմբերի 14-ին Երեւանում»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:
Մեկ այլ խոշոր նախագիծ է, որի ուղղությամբ այսօր կազմակերպությունում աշխատում են, ՀԱՊԿ Ճգնաժամերի արձագանքման կենտրոնի ստեղծումը:
«Այս ուղղությամբ գործընթացը եւս բավական դրական է ընթանում: Կարծում եմ՝ նախագահները կհաստատեն որոշումը, որի համաձայն մենք կստեղծենք ՀԱՊԿ գործողության գոտու իրավիճակի դիտարկման կենտրոն: Կենտրոնը հնարավորություն կունենա մեր երկրներում համանման կառույցների միջոցով փոխանակել փաստագրական, թվային, տեսատեղեկատվություն, կազմակերպել տեսակոնֆերանսներ»,- պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նիկոլայ Բորդյուժայի խոսքով՝ հանդիպմանը նաեւ անդրադարձել են ՀԱՊԿ ուժային բաղկացուցիչի կազմավորմանը եւ ամրապնդմանը:
«Տեղյակ եք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցկացվել է հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների զորավարժությունների շարք: Բելառուսում հաջողությամբ անցկացվեցին խաղաղապահ ուժերի զորավարժությունները: Ըստ որում՝ առաջին անգամ, բացի զինծառայողների դրվագային գործողությունների վարժանքներից, մշակվեցին փախստականների խոշոր զանգվածներին համատեղ արձագանքելու հարցեր: Մենք մշակեցինք փախստականներին ընդունելու, զտելու, նրանց օգնություն ցուցաբերելու հարցերը»,- նշել է նա:
Դրանից զատ, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նիկոլայ Բորդյուժան մտքեր են փոխանակել ՀԱՊԿ անդամ երկրներում եւ այսօր դիտարկվող ու մտահոգություն հարուցող տաք կետերում ստեղծված իրավիճակների զարգացման վերաբերյալ:





























