ԱՄՆ-ի եւ Իսրայելի իշխանությունները պայմանավորվել են երկարաձգել հրեական պետությանն ամերիկյան ռազմական օգնության տրամադրման ծրագիրը, հայտնում է Jerusalem Post-ը:
Համաձայնագրի իրականացման համար, որի ստորագրումն ակնկալվում է առաջիկա օրերին, Վաշինգտոնը, 10 տարվա ընթացքում առնվազն 38 մլրդ դոլար կծախսի: Պարբերականը նշում է, որ դա ԱՄՆ-ի ռազմական գործարքների աբողջ պատմության ընթացքում ռեկորդային գումար է, սակայն պայմանագրի կնքման համար Իսրայելը ստիպված է եղել մի շարք զիջումների գնալ:
Մասնավորապես, հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն պարտավորվել է լրացուցիչ օգնություն չխնդրել: Նա նաեւ հրաժարվել է հատուկ պայմանավորվածությունից, որն ավելի վաղ թույլ էր տալիս Վաշինգտոնից ստացված միջոցների մի մասը ծախսել սեփական պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման վրա ամերիկյան սպառազինություն գնելու փոխարեն:
Իսրայելին միջոցների հատկացումը կիրականացվի արտասահմանյան ռազմական ֆինանսավորման ծրագրով (Foreign Military Financing, FMF): Դրա համաձայն, հրեական պետությունը 1998-2007 թվականներին տարեկան միջինը 2,4 մլրդ դոլար է ստացել, իսկ 2008-ից մինչեւ 2017-ը պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն տարի 2,9-3,1 մլրդ դոլար փոխանցելու վերաբերյալ:
1987 թվականից ԱՄՆ-ն ամեն տարի Իսրայելին ռազմական օգնություն է տրամադրում: Միաժամանակ այդ երկրին սպառազինության տրամադրման ծրագիրը խոշորագույնն է ներկայումս ԱՄՆ-ի իրականացրած բոլոր ծրագրերից:





























