Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցերով զբաղվող պատասխանատուները սեպտեմբերի 13–ին հանդիպել են Վրաստանում երկօրյա այցով գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ եւ քննարկել Ջավախքի դպրոցներին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը։ Նա չցանկացավ մանրամասնել՝ Ջավախքի դպրոցների հետ կապված կոնկրետ ինչ խնդիրներ են քննարկվել նախարարի հետ։
«Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ջավախքի հայկական դպրոցների հիմնախնդիրներին՝ նշեց, որ դրանք շատ են եւ խնդիրները նախկինում քննարկվել են Ջավախք այցելած Հայաստանի նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, սակայն, այդպես էլ ոչ մի տեղաշարժ չի նկատվել։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները քաղաքականություն են որդեգրել, որի միջոցով աստիճանաբար Ջավախքի հայկական դպրոցները վրացականացնում են։ Ըստ Դավիթ Ռստակյանի, խնդիրներից լրջագույնը հենց Ջավախքի հայկական դպրոցներում կրթության դասավանդման լեզուն վրացերենով իրականացնելու վերաբերյալ օրենքի ընդունումն է. «Երբ այդ օրենքն ընդունվում էր, այդ ժամանակ հայ պատգամավորներ Համլետ Պետրոսյանն ու Հենզել Մկոյանը ստորագրեցին դրա տակ՝ չգիտակցելով հեռանկարները ։ Հայկական դպրոցները փակելու կարիք չունեն Վրաստանի իշխանությունները, դրանք աստիճանաբար վրացականի են վերածվում։ Կարելի է ասել, որ Վրաստանի իշխանությունն այժմ հայկական դպրոցներ չի պահում դե յուրե, սակայն, դե ֆակտո կան այդ դպրոցները, քանի որ 90 տոկոսանոց Ջավախքում հնարավոր չէ, որ դասավանդումը միանգամից վրացերենով լինի։ Դպրոցներում գործավարությունն ամբողջությամբ վրացերենով է դարձել արդեն»,–ասաց նա։
Դավիթ Ռստակյանը նշեց, որ բացի վրացերենով դասավանդումից, Ջավախքի հայկական դպրոցներում կարիք կա նաեւ Հայոց լեզվի ուսուցիչների նախապատրաստման, որը չի արվում։ Նա նշեց, որ բացի այս խնդիրներից կան նաեւ դպրոցներում տարբեր առարկաների դասավանդման մեթոդների, հայկական դասագրքերի ձեռքբերման, դպրոցների տարրական պայմանների ապահովման խնդիրներ։
«Ախալքալաքում ունենք երեք հայկական դպրոց, մեկ ռուսական եւ մեկ վրացական, իսկ Նինոծմինդայում երկու հայկական, մեկ ռուսական եւ մեկ վրացական։ Հայկական դպրոցներում խնդիր կա հայերենի ուսուցիչների նախապատրաստման, որը նույնպես չի արվում»,–ասաց նա։
Նշենք, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Այցի օրակարգում են Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետ կազմակերպում, որպես հումանիտար օգնություն` դասագրքերի, ուսումնամեթոդական եւ դպրոցական գրադարանային գրականության տրամադրում:



























