Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննում է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի գործունեությունը, հայտնում է BBC–ն:
Գերատեսչության ղեկավար Էրիկ Շնայդերմանի խոսքով դատախազությունը ստուգում է հիմնադրամի աշխատանքի համապատասխանությունը նահանգի օրենքներին: Դատախազները կասկածներ ունեն, որ հիմնադրամը իրականացնում է գործունեություն, որն անթույլատրելի է ոչ առեւտրային կառույցների համար:
Շնայդերմանը չի ճշգրտել, թե հատկապես ինչ գործունեության մասին է խոսքը: Մինչ այդ մամուլը քննարկում էր այն տեղեկությունը, որ Թրամփը Ֆլորիդա նահանգի դատախազին 2013-ին իր բարեգործական հիմնադրամի միջոցով գումար էր վճարել: Այդ վճարը, ըստ քննադատների, կարելի է կաշառք գնահատել: Ֆլորիդայի դատախազ Փեմ Բոնդին այն ժամանակ քննում էր՝ 2010-ին բազմաթիվ բողոքներից հետո փակված «Թրամփի համալսարան» բիզնես թրենինգների ծրագրի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը:
Ի վերջո Բոնդին գործ չէր հարուցել: Նա չի ժխտում, որ գումար է ստացել Թրամփից, բայց պնդում է, որ դա ոչ մի կապ չունի իր որոշման հետ ու նախատեսված էր նահանգի գլխավոր դատախազի հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համար:
Թրամփի հիմնադրամը եւս մի քանի սկանդալների մեջ էր ներառված: Մասնավորապես ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, որ միլիարդատերը 2008-ից սկսած գումար չի փոխանցել իր հիմնադրամին, իսկ բարեգործական նպատակներով փոխանցված գումարներն էլ իր անձնական կարիքների համար է գործածել:





























