Ռազմական գործողությունը Լիբիայում, որին 2011-ին մասնակցել են բրիտանական զորքերը, հիմնվում էր հետախուզական սխալ տվյալների վրա ու արագացրել է երկրի տնտեսական կոլապսը, ասվում է զեկույցում, որը պատրաստել է բրիտանական խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, հայտնում է BBC–ն:

Փաստաթղթում նշվում է, որ «Լիբիայում Միացյալ Թագավորության քաղաքականությունը մինչեւ 2011 մարտի ինտերվենցիան ու դրանից հետո հիմնվում է կեղծ ենթադրությունների ու երկրի սպեցիֆիկայի ու այնտեղի իրավիճակի ոչ ամբողջական ընկալման վրա»:

Կատարվածի համար հանձնաժողովը պատասխանատու է համարում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնին, որի դիրքորոշումը, ըստ զեկույցի, վճռորոշ դեր է կատարել ռազմական գործողությանը մասնակցելու որոշման կայացման հարցում: «ՄԹ գործողությունները Լիբիայում վատ ծրագրված ինտերվենցիայի մի մասն էին, որի հետեւանքներն առայսօր նկատվում են», ասել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Քրիսպին Բլանթը, որը, ինչպես եւ Քեմերոնը, Կոնսերվատիվ կուսակցության անդամ է:

Որպես գործողության առավել վտանգավոր հետեւանք՝ զեկույցի հեղինակները առանձնացնում են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, ներքին զինված հակամարտությունը ու մարդու իրավունքների զանգվածային խախտումները Լիբիայում, նաեւ «Իսլամական պետության» կայացումն ու զարգացումը:

Քեմերոնից բացի զեկույցի հեղինակները կատարվածի համար պատասխանատու են համարում Ֆրանսիային, որը եղել է ինտերվենցիայի նախաձեռնողներից մեկը: Փաստաթղթում ասվում է, որ ֆրանսիական հետախուզությունը գերագնահատել է այն վտանգը, որը խաղաղ քաղաքացիների համար ներկայացնում էր երկրում սկսված քաղաքացիական պատերազմը: