«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ արդեն չորս ամիս որեւէ քննչական գործողություն չի անցկացվում: Այս մասին NEWS.am-ին ասաց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Այս գործը մտել է փակուղի: Իմ տեղեկություններով, Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձանցից մի քանիսը հրաժարվել են իրենց ցուցմունքից: Ժիրայր Սեֆիլյանի դեմ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել, սակայն նա պահվում է կալանքի տակ: Ավելին, գործը միացվեց «Սասնա ծռերին», գործն ամբողջությամբ մտավ փակուղի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարին քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Սույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» միանգամից հինգ անդամի՝ Գեւորգ Սաֆարյան, Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Պավլիկ Մանուկյան եւ Վարուժան Ավետիսյան: Այդ գործով մեղադրյալները ստորագրությամբ ազատ արձակվեցին: Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվեց այս տարվա մայիսին, որի շրջանակում մեղադրանք առաջադրվեց Ժիրայր Սեֆիլյանին եւ եւս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Այս երկու գործերն օգոստոսին միացվեցին «Սասնա ծռերի»գործին: Այժմ Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով:





























