Ադրբեջանի ընդդիմությանը հազիվ թե հաջողվի ներազդել երկրում իշխող Ալիեւների գերդաստանի էության վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում ստեղծված իրավիճակը Սահմանադրության հանրաքվեի նախաշեմին եւ Արեւմուտքի հետ կապերի մեջ ընդդիմությանն ուղղված մեղադրանքների պայմաններում:
Քաղաքագետը նշեց, որ իշխանության լեգիտիմացման նպատակով օգտագործում են ինչպես արտաքին թշնամիներին, այնպես էլ ներքին: Ադրբեջանի դեպքում կարելի է խոսել ընդդիմության մնացորդների մասին, որը տարատեսակ ճնշումների է ենթարկվում: Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունենում դասական ոճին համապատասխան՝ երբ գործնականում մրցակցություն գոյություն չունի. նկատի ունեմ, որ Ադրբեջանում ընդդիմությունը ժամանակին հիմնավորապես արմատախիլ է արվել, գոյություն ունեցող մշտական թշնամու՝ Հայաստանի կողքին անհրաժեշտ է, այսպես ասած, ժամանակավոր թշնամի՝ ի դեմս ընդդիմության:
«Հասկանալի է, որ Ադրբեջանում դժգոհություն կա, իսկ որ երկրում դժգոհություն չի լինի, եթե բնակչությունն ապրում է ապագայի հանդեպ մշտական վախով: Սակայն այդ դժգոհությունը մշտապես ճնշվում է»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը՝ հավելելով, որ հնարավոր են հատվածական ինչ-որ ակցիաներ, սակայն ընդհանուր առմամբ Ադրբեջանի ընդդիմությունը հազիվ թե կարողանա ներգործել ռեժիմի գործողությունների վրա:





























