Միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակով Երեւանը զիջում է միայն Սյունիքի մարզին (ըստ վերջին տվյալների՝ մոտավորապես 10 տոկոսով)։ Սակայն մայրաքաղաքում է կենտրոնացած բարձր վարձատրվող պաշտոնյաների մի ամբողջ լեգիոն, օտարերկրյա կապիտալով ընկերությունների մեծաքանակ անձնակազմ, որոնց աշխատավարձն ավելի բարձր է, քան տեղական կապիտալով ընկերություններինը, մեծաթիվ գործարարներ եւ այլն։

Հաշվի առնենք, որ որոշ քաղաքացիների աշխատավարձը զբաղեցրած պաշտոնում եկամտի միակ աղբյուրը չէ. կա նաեւ «կողմնակի եկամուտ», որը կարող է բազմակի գերազանցել օրինական աշխատավարձը։ Այս փաստը, որը հաշվի չի առնվում պաշտոնական վիճակագրությամբ, դրսեւորվում է բնակչության հավելյալ «վճարունակության» մեջ։ Հասկանալի է, որ մայրաքաղաքն այդ առումով անվիճելի առաջատար է։

Գներում հետաքրքրիր տարբերություններ են նկատվում։ Համեմատենք, օրինակ, մսի եւ մսամթերքի գները այս տարվա օգոստոսի համար։ Ամեն ապրանքի դեպքում հաշվենք պարզ միջին հանրահաշվական գինը 10 մարզային քաղաքների համար, որոնք ներառված են գների մշտադիտարկման ցանկում։

Այսպես՝ օգոստոսին այնպիսի կարեւոր սննդամթերքը, ինչպիսին կովի միսն է, մայրաքաղաքում 6 տոկոսով ավելի թանկ է եղել, քան միջինում մարզային քաղաքներում։ Խոզի մսի դեպքում տարբերությունն ավելի նկատելի է՝ 12 տոկոսով ավելի թանկ։ Հավի բդիկները մայրաքաղաքում 29 տոկոսով ավելի թանկ են եղել, կովի ֆիլեն՝ 32 տոկոսով, մսի ենթամթերքները՝ 1.4 անգամ։ Կան, իհարկե, բացառություններ, թեպետ շատ քիչ։ Օրինակ՝ խոզապուխտը մայրաքաղաքում 10 տոկոսով էժան է, քան միջինում մարզային քաղաքներում։

Ապրանքաշուկայի ծավալով մայրաքաղաքն ու մարզերը բացարձակապես անհամեմատելի են։ Երեւանում բնակվում է հանրապետության բնակչության 1/3-ը, սակայն նրան բաժին է հասնում հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության 70 տոկոսը։ Բնականաբար, մանրածախ ցանցից օգտվում են նաեւ հարեւան բնակավայրերի բնակիչները։ Դրանով իսկ նրանք մեծացնում են գնողների թիվը՝  ի ուրախություն երեւանցի վաճառողների։

Միաժամանակ մարզերում առեւտուրը ակնհայտ ակտիվ չէ՝ դատելով բնակչության մեկ շնչին բաժին հասնող մանրածախ ապրանքաշրջանառության մասին պաշտոնական տվյալներից։ Այդ գործոնը (եթե, իհարկե, տեղի ապրանքաշուկան մոնոպոլիստական չէ, եւ վաճառողներն իրար հետ չեն պայմանավորվել) ինչ–որ չափով կանխում է գների կամայական բարձրացումը։

Այլ հարց է մայրաքաղաքը։

Մայրաքաղաքային սուպերմարկետները նույնպես չեն կարող այդ նույն կովի մսի գինը շատ  բարձրացնել։ Հակառակ դեպքում գնորդների մի մասը կտեղափոխվի գյուղատնտեսական ապրանքների քաղաքային շուկաներ։ Սակայն կարելի է «թեթեւակի» գերազանցել օբյեկտիվ հիմնավորված գինը։ Եվ որոշ ժամանակ անց կրկնել «փորձը»։ Առեւտրի մյուս օբյեկտները, բնականաբար, ջանում են հետ չմնալ «մրցակցից»։ Հիմա գների սողացող աճի գործընթացը կանգ է առել գնորդական պահանջարկի անբարենպաստ միտումների պատճառով։

Սմբատ Գրիգորյան