Առաջին անգամ Ստեփանակերտում հոկտեմբերի 9-10-ին տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում եւ Արցախում Տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման խնդիրներին։
Համաժողովի ընթացքում քննարկումները հիմնականում 3 հիմնախնդրի շուրջ էին՝ կրթական, կապի եւ հաղորդակցության ու օրենսդրական:
Համաժողովի ավարտից շատ չանցած հայաստանյան երկու ընկերություններ Արցախում կոնկրետ ծրագրեր կիրականացնեն, որոնք ուղղված են Տեղեկատվական տեխնոլոգիաների(ՏՏ) կրթությանը։
Գյումրիի ՏՏ Կենտրոնի փոխտնօրեն Ամալյա Եղոյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Ստեփանակերտի 12 դպրոցների ուսուցիչների եւ օպերատորների համար Ինֆորմատիկա առարկայից վերապատրաստում կանցկացնի, ծրագիրը կֆինանսավորվի Հայ Կրթական Հիմնարկության կողմից։ Ա. Եղոյանի խոսքով՝ դասընթացները կմեկնարկեն այս տարի նոյեմբերի 1-ին եւ կտեւեն մինչև դեկտեմբերի 8-ը:
«Դասընթացի նպատակն է ուսուցիչներին սովորեցնել համակարգչային գործնական գիտելքներ եւ դասագրքում առկա տեսական նյութի կիրառում գործնականում»,-ասաց Ա. Եղոյանը: Նրա խոսքով՝ ինֆորմատիկայի առարկայից դուրս Գյումրիի ՏՏ կենտրոնի մասնագետների նախաձեռնությամբ արդեն շաբաթ եւ կիրակի օրերին դասընթացներ կկազմակերպվեն նաեւ ավագ դպրոցի աշակերտների համար՝ նրանց նախապատրաստելով տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում: Դասընթացները կանցկացվեն Արցախի պետական համալսարանի համակարգչային լսարանում:
Արցախում կրթական ծրագիր կիրականացնի նաեւ Instigate ընկերությունը։ Ընկերության գործադիր տնօրեն Արման Պողոսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը Հայաստանում ՏՏ ոլորտի կրթական ծրագրեր է իրականացնում 2005-ից, իսկ Արցախում կրթական ծրագրեր իրականացնելու համար պայմանավորվածություն ձեռք է բերվել վերջերս։
«Առաջիկա ամիսներին որոշակի կազմակերպչական աշխատանքների ավարտից հետո դասընթացները կսկսվեն»,-ասաց Ա. Պողոսյանը։
Նրա խոսքով՝ կրթական ծրագրերին կկարողանան մասնակցել բարձր կուրսի ուսանողներ ու ԲՈՒՀ-երի շրջանավարտներ։ Դասընթացները կլինեն ՏՏ ոլորտի տարբեր ուղղություններում, իսկ ինչ վերաբերում է մասնակիցներին, ապա նրանք նախ պետք է նախընտրական հարցազրույցի մասնակցեն։
«Նախընտրական հարցազրույցների հիման վրա կորոշվի մասնակիցների կրթական բազզան եւ ըստ դրա արդեն կկազմվի ծրագրի ժամանակացույցը։ Մի բան հստակ է մենք ցանկանում ենք երկարաժամկետ կրթական ծրագրեր իրականացնել Արցախում»,- ասաց Instigate ընկերության գործադիր տնօրենը՝ ավելացնելով, որ հնարավոր է հետագայում Արցախում ընկերությունը ստեղծի անգամ իր մասնաճյուղը։




























