2016 թվականին Արկտիկական սառույցի մակերեսը երկրորդ անգամ՝ 2007 թվականից հետո, ծայրահեղ ցածր ցուցանիշի է հասել: Ըստ Gazeta-ի՝ այս մասին ասված է Քոլորադոյի Ձյան եւ սառույցի տվյալների ազգային կենտրոնի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
1979 թվականից սկսած, երբ գիտնականները սկսեցին արբանյակից հետեւել արկտիկական սառույցների հալոցքին, մասնագետներն Արկտիկայի սառցաշերտերի մակերեսի ռեկորդային ցածր ցուցանիշ են արձանագրել: Նրանց խոսքով՝ սա գլոբալ ջերմացման նախանշաններից է:
NSIDC-ն արձանագրել է, որ 2016 թվականին սառցաշերտերի մակերեսը կազմել է 4.14 մլն ք.կմ: 2007 թվականին այդ ցուցանիշը 4.15 մլն ք.կմ էր: Արկտիկական սառցաշերտերի մակերեսի կտրուկ նվազումն ազդում է միջին լայնություններում եղանակի վրա: Մասնագետների կարծիքով՝ եղանակային կործանարար փոփոխությունները, որ տեղի են ունենում վերջին տարիներին, կարող են կապված լինել նաեւ սառցաշերտերի հալոցքի հետ:





























