«Մալակաս» հզոր թայֆունը, որն ընթացիկ սեզոնում կարգային 16 թիվն է ստացել, հարավ-արեւմուտքից մոտենում է Ճապոնիային` իր հետ բերելով ուժեղ քամի եւ հորդառատ անձրեւներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով, ցիկլոնի կենտրոնում ճնշումը 930 հեկտոպասկալ է կազմում: Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հավասար է 50 մ/վ-ի, իսկ պոռթկումների ընթացքում հասնում է մինչեւ 70 մ/վ-ի:
Ներկայումս «Մալակասը» շարժվում է հյուսիսային ուղղությամբ մոտ 20 կմ/ժ արագությամբ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ ցիկլոնը երեքշաբթի` սեպտեմբերի 20-ին կմոտենա ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հարավ-արեւմտյան շրջաններին:
Մասնագետները զգուշացնում են, որ ալիքների բարձրությունը հասնում է մինչեւ 10 մ-ի եւ թայֆունի հնարավոր անցման շրջաններում ապրող բնակիչներին կոչ են անում ձեռնպահ մնալ ծով դուրս գալուց: Օդերեւութաբանները նաեւ հորդառատ անձրեւների հետեւանքով սողանքների բարձր վտանգ են մատնանշում:





























