Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մի հայտարարություն է արել, որը բազմաթիվ ենթատեքստային մեկնաբանությունների տեղիք է տալիս, որոնցից մեկն այն է, որ համարում է` ինքը կարող է խլել, բայց խլելով չի զբաղվի. այդ ենթագիտակցությունը նրա մասին լավ բան չի խոսում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով նորանշանակ վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք բիզնես չեն խլի:
«Իսկ եթե ուզում է դրական իմաստ դնել դրա մեջ, որ մինչեւ հիմա խլել են, դրանից հետո էլ չի թողնի խլել, ուրեմն դա էլ կարելի է համարել մեղադրանք անցյալում կամ ներկայում գործող պրակտիկայի վերաբերյալ, թող իրենք պարզեն` ինչ են նկատի ունեցել: Մի բան պարզ է, որ Կարեն Կարապետյանը մի քիչ շատ անկեղծացավ ու հակասության մեջ մտավ իր իսկ մեծամասնության հետ, որը ապշահարված է եւ չգիտի` ինչպես պատասխանի այդ մեղադրանքին»,-ասել է Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետը լրագրողների հետ առաջին բրիֆինգի ժամանակ իրենց անելիքների մասին խոսելով նշել էր, որ լինելու են հավասար պայմաններ, ու եթե որեւէ մեկի լինի հաջողակ բիզնեսմեն, իրենք այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու:
Վարչապետի այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք տվեց իշխող կուսակցության շարքերում: Հանկարծակիի եկած ՀՀԿ-ական պատգամավորները ստիպված էին տարբեր մեկնաբանություններով հիմնավորել` ինչ է նկատի ունեցել վարչապետը` ասելով, որ դա բնավ չի նշանակում` նախկինում խլում էին, իսկ իր նշանակվելուց հետո պայքարելու է արատավոր պրակտիկայի դեմ:





























