Անկախության 25-ամյակի զորահանդեսին Հայաստանի ԶՈՒ-ն առաջին անգամ կցուցադրի «Իսկանդեր» համակարգը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը հայտնել է, որ նախօրեին զորահանդեսի փորձին համալիրը հայտնվել է ներկայացված սպառազինության շարքում:
«Հայաստանում առաջին անգամ է «Իսկանդերների» ցուցադրություն տեղի ունենում: Ավելին, «սառը պատերազմի» ժամանակաշրջանից հետո առաջին անգամ մեկ երկրի կողմից մյուսին նման օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարում է իրականացվել», - ընդգծել է փորձագետը:
Մեկնաբանելով Հայաստանի ԶՈՒ-ի կողմից «Իսկանդեր» համալիրների ցուցադրությունը` քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշել է, որ այդ քայլի կողմնակի հետեւանքները կարող են շատ հզոր լինել: «Դա քաղաքական ուժեղ քայլ է: Մինչ այժմ «Իսկանդերներ» չէին արտահանվել: Դա քաղաքական ցուցադրություն է»: Պատասխանելով ճշգրտող հարցին` Հայաստանի իշխանությունների կողմից, թե Ռուսաստանի, Ալեքսանդր Խրամչիխինը նշել է. «Եվ մեկի, եւ մյուսի: Ռուսաստանը Հայաստանին փոխհատուցել է Ադրբեջանին զենքի մատակարարումները»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի անկախության 25-ամյակը:





























