Այն շենքում, որտեղ Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի բնակարանն է գտնվում, պարտքերի պատճառով տաք ջուրն անջատել են: Շենքը գտնվում է Կիևի էլիտար թաղամասում, հայտնում է «24» հեռուստաալիքը:
Հեռուտաալիքի տեղեկություններով լրագրողները որոշել են այցելել նախկին վարչապետին, սակայն նրան տանը չեն գտել՝ փոխարենը շփվել են շենքի մյուս բնակիչների հետ: Վերջինները բողոքել են, որ արդեն երկու ամիս է տաք ջուր չունեն:
«Կարելի է ենթադրել, որ ջուրը պատահական չեն անջատել, այլ որովհետև իր պաշտոնավարության ժամանակ Յացենյուկն անընդհատ բարձրացնում էր սակագները»,- նշված է հեռուստաալիքի նյութում:
Սակայն նշվում է նաև, որ կա կատարվածի ևս մեկ վարկած՝ «Կիեւէներգո»-ում հայտնել են, որ շենքը միլիոնավոր գրիվեն է պարտք կոմունալ ծառայությունների համար:
Յացենյուկը Ուկրաինաիյի վարչապետ է եղել 2014-ի փետրվարից մինչև 2016-ի ապրիլը: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Վլադիմիր Գրոյսմանը:




























