Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունից հետո հայ-ամերիկյան փոխհարաբերությունները որակական նոր առաջընթաց են գրանցել:

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին:

Հայաստանի նախագահը նշել է, թե Հայաստանն այսօր ուղիղ շփման մեջ է Սպիտակ տան եւ պետքարտուղարության հետ: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, թե հայ-ամերիկյան հարաբերությունների հարթության մեջ վերջին ամիսների ընթացքում առանձին գործոն է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը: «Գիտեք, որ կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությունը կանխեց Միացյալ Նահանգների նախագահի կողմից „Ցեղասպանություն“ բառի գործածումն իր ապրիլքսանչորսյան ուղերձում»,- հիշեցրել է Սարգսյանն ու ամփոփել. «Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացյալ Նահանգներին մեր գործողությունները ոչնչով չխանգարեցին եւ միայն ամերիկյան սկզբնաղբյուրները բավարար են կատարվածին ճիշտ գնահատական տալու համար, եւ համոզված եմ, այդ գնահատականը վաղ թե ուշ տրվելու է»: