Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո ավելի դյուրին է դարձել այնտեղից պլաստիկի եւ պոլիմերի ներկրումը: Երեւանում անցկացվող «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գարի պլաստ» ընկերության գործադիր տնօրեն Սեմյոն Ղուկասյանը:
«Ներկրումն ավելի դյուրին է դարձել, պլաստիկն էլ էժանացել է: Դա մեզ թույլ տվեց նվազեցնել նաեւ մեր արտադրանքի ինքնարժեքը»,- հավելեց նա:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շնորհիվ էժանացել է նաեւ Ռուսաստանից ներկրումը՝ ե՛ւ պլաստիկի, ե՛ւ պոլիէթիլենի, ե՛ւ պրոպիլենի:
Այս ամենը թույլ է տալիս տեղական շուկայում մրցակցել թուրքական պլաստիկի հետ: Սննդի ոլորտի տեղական ընկերությունները նախընտրում են տեղական պլաստիկե տարաները: «Նրանց հարկավոր է մաքուր բաղադրությամբ պլաստիկ: Իսկ այդ հարցում թուրքական արտադրանքին չեն վստահում»,- հավելեց Ղուկասյանը:



























