Այսօր` հոկտեմբերի 16-ին երկրագնդի մի մասը նշում է Շեֆի օրը: Այս տոնի ակունքները սկիզբ են առնում ԱՄՆ-ից:

1958-ին Պատրիսիա Հարոսկին, ով Farm Insurance Company ընկերությունում աշխատում էր որպես քարտուղար, առաջարկել է նշել Շեֆի օրը (National Boss Day): 1962-ին այդ տոնը պաշտոնապես հաստատվել է Իլինոյսի նահանգապետ Օտտո Քարների կողմից: Ի սկզբանե տոնի իմաստը եղել է այն, որ շնորհավորեն իրենց ղեկավարին` որ նա բարի ու ազնիվ է եղել իրենց նկատմամբ ողջ տարվա ընթացքում:

Calend.ru կայքի համաձայն, Շեֆի օրը նշելու ավանդույթը աջակցություն է գտել շատ երկրներում եւ տոնը տարածվել է ողջ աշխարհով մտքի արագությամբ: Այսօր այդ տոնը նշում են Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում եւ Հարավային Աֆրիկայում:

Այդ օրը պետք է հիշել, որ ղեկավարը մասնագիտություն է, որ դա աշխատանք է առանց հանգստյան օրերի, դա պատասխանատվություն է ամեն քայլի ու խոսքի համար, որ ասվում է ենթականերին:

Եվ ամենագլխավորը, պետք է միշտ հիշել, որ Շեֆը, նախեւառաջ մարդ է: Ի դեպ, այս տոնն առիթ է, Շեֆին նվեր մատուցելու համար:

Մեր օրերում Շեֆի օրը նշվում է տոնական բացիկներով, ծաղիկներով, հուշանվերներով եւ գեղեցիկ ժպիտներով:
Արժե հիշեցնել, սակայն, որ Հայաստանում այդ տոնի մասին շատ քչերը գիտեն, այնպես որ ոչ բոլոր Շեֆերը կարող են հույս ունենալ, որ այսօր իրենց կշնորհավորեն կամ կժպտան: