«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանները նրա գործով  գանգատն արդեն մուտք են արել ՄԻԵԴ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Գանգատը վերաբերում է Վահան Շիրխանյանի առողջական վիճակին ու անօրինական կալանավորմանը: Ես աշխատում եմ Ստրասբուրգի փաստաբանների հետ, որոնք իրենց ձեռքով ուրբաթ օրը բողոքը մուտք են արել ՄԻԵԴ քարտուղարություն»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հույս ունեն, որ այս կերպ գոնե որոշ չափով օբյեկտիվ քննություն կիրականացվի:

Փաստաբանը նշեց, որ Վահան Շիրխանյանի վիճակը լավ չէ, մեծ դժվարությամբ է տեղաշարժվում:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է: