Ֆրանսիայի եւ Ֆինլանդիայի գիտնականները համատեղ հետազոտություն են իրականացրել, որը նրանց թույլ է տվել պարզել, թե տեսողական շփումն ինչպես է ազդում մարդկանց միջեւ փոխհարաբերությունների վրա, գրում է  Psychological Science-ը:

Մասնագետները պատմել են, որ տեսողական շփման դեպքում հուզական կապ է առաջանում, որն ազդում է հետագա փոխհարաբերությունների զարգացման վրա: Գիտնականները նշում են, որ նույնիսկ ամենափոքր երեխաները կարողանում են մեծահասակների աչքերից «կարդալ» նրանց հույզերը:

Աչքից աչք շփման ընթացքում, պատմել են մասնագետները, կարող է փոխվել սրտխփոցի եւ շնչառության հաճախությունը: Մարդը ենթագիտակցաբար իր հայացքով փոխանցում է իր հուզական վիճակը:  Տեսողական շփման ընթացքում մարդիկ նկատում են համակրանքը կամ նույնիսկ սպառնալիքը: Մարդն ուղիղ հայացքը գնահատում է որպես իր նկատմամբ բարձր հետաքրքրություն: 

Գիտնականները նշում են, որ հույզերն առավել վառ են փոխանցվում  ուղիղ հայացքով:  Օտար ուղիղ հայացքն անմիջապես գրավում է մարդու ուշադրությունը: Միաժամանակ մարդն ի վիճակի է վերլուծել իր վերաբերյալ տեղեկությունները, որոնք ուղարկվում են այդ հայացքի միջոցով: 

Ֆինն գիտնականների խոսքով, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարդն ի վիճակի է ընկալել հայացքով փոխանցվող հույզերը, նույնիսկ եթե այդ հայացքը լուսանկարում է: