Մշակութային արժեքների կորուստն անվերականգնելի է: Վնաս է հասցվում ոչ միայն պետություններին, որոնց այդ արժեքները պատկանում են, այլեւ ամբողջ մարդկության ժառանգությանը: Այս մասին հայտարարել են Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակում կայացած հանդիպման մասնակիցները: Նրանք պայմանավորվել են ուժեղացնել «գանձեր որոնողների» դեմ պայքարի միջոցները եւ կանխել գեղանկարների, ձեռագրերի, գրքերի եւ մշակութային այլ արժեքների մաքսանենգությունը:

«Մշակութային ժառանգության պահպանություն» բարձր մակարդակով միջոցառումը մարդկության համար հրամայական է:

ՄԱԿ տեղեկություններով՝ ամբողջ աշխարհում մշակութային արժեքների ապօրինի շրջանառության ծավալը տարեկան հասնում է 3,4 - 6,3 միլիարդ դոլարի:

Վերջին 40 տարում միայն իտալացի կարաբինավորները Եվրոպայում հայտնաբերել են մոտ 800 հազար մշակութային օբյեկտներ, որոնք գողացվել են կամ ձեռք բերվել ապօրինի պեղումների հետեւանքով:

Մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը առանձնապես սրվել է այն երկրներում, որոնք համակված են հակամարտություններով եւ ճգնաժամերով, այդ թվում՝ Իրաքում եւ Սիրիայում, որտեղ ընթանում է հնագիտական հուշարձանների զանգվածային ոչնչացում եւ թանգարանային ցուցադրանմուշների հափշտակում: