ԱՄՆ Հարվարդի համալսարանում տեղի է ունեցել, այսպես կոչված, Շնոբելյան մրցանակների՝ Ig Nobel Prize, հանձնման արարողությունը, որը տրվում է գիտական անհեթեթ ձեռքբերումների եւ տարօրինակ հետազոտությունների համար: Այս տարվա դափնեկիրների թվում են կրծողների սեռական կյանքը հետազոտողները եւ կենդանիների սովորությունները նմանակողները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս տարի հնարամտության մրցանակը շնորհվել է Volkswagen ավտոկոնցեռնին՝ արտանետվող գազերում վնասակար նյութերի թեստերի խաբկանքի համար: Սկանդալի հետեւանքով Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում սկսվել էր ավտոկոնցեռնի գործունեության հետաքննություն, իսկ ԱՄՆ-ում Volkswagen-ը համաձայնեց փոխհատուցման դիմաց մոտ 16,5 մլրդ դոլար ծախսել:
Մրցանակ է հանձնվել նաեւ շվեդ միջատաբան Ֆրեդերիկ Սոբերգին, որը երեք հատոր աշխատություն է հրապարակել «բզզյունիկ» անվանած երկթեւ միջատի հետազոտության մասին:
Եգիպտացի Ահմադ Շաֆիկը մրցանակ է ստացել հետազոտության համար, թե ինչպես է ներքնաշորի կտորը ազդում կրծողների զուգավորման վրա: Կահիրեի համալսարանի պրոֆեսորը փորձի միջոցով հաստատել է, որ պոլիեսթերից պատրաստված վարտիքում մկները այդ սինթետիկ գործվածքի ազդեցությամբ խիստ լարվում են, ինչը բացասաբար է անդրադառնում սեքսուալ մերձեցման վրա:
Մրցանակակիր է դարձել նաեւ Անգլիայի Օքսֆորդի համալսարանի կրթաթոշակառու Չարլզ Ֆոսթերը: Նա ամիսների ընթացքում հերթով ներկայացել է մուֆլոնի, եզնուղտի, աղվեսի, եղջերուի եւ թռչնի դերում՝ ցանկանալով աշխարհը նրանց աչքերով տեսնել:





























