Նիսի քաղաքապետարանը դեպի Վատիկան ուղեւորություն է կազմակերպել մի քանի տասնյակ մարդու համար, որոնք տուժել են առափնյա Անգլիական պողոտայում եւ շրջակայքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով:  Հռոմի Պապի մոտ ընդունելության արժանանալու նպատակով այդ ուղեւորությունը, որի համար մասնակիորեն վճարել են բյուջեից, Ֆրանսիայում բանավեճ է առաջացրել. իրավապաշտպանները կարծում են, որ այդ նախաձեռնությունը խախտում է աշխարհիկության սկզբունքը, հայտնում է  RFI-ն:  

Քաղաքային իշխանությունները Air France ավիաընկերության համագործակցությամբ Վատիկան են ուղարկել ահաբեկչական գործողություններից 58 տուժածի եւ նրանց մերձավորներին:  Տոմսը յուրաքանչյուր մարդու  համար 300 եվրո է արժեցել: Վատիկան է ուղարկվել նաեւ տեղական իշխանությունների պատվիրակությունը, որոնք, իմիջիայլոց, իրենց գրպանից են վճարել դրա համար: 

Պրովանս-Ալպ- Լազուրե ափ շրջանի ղեկավար Քրիստիան Էստրոզին բացատրում է, որ Վատիկանում Հռոմի Պապի մոտ ընդունելությունը կրոնական բնույթ չի կրել եւ դրան ներկա կլինեն դեպարտամենտի բոլոր կրոնական հոսանքների ներկայացուցիչները: 

Մարդու իրավունքների լիգայից նշում են, որ այդ ուղեւորությունը  «անամոթաբար խախտում է աշխարհիկության սկզբունքը», որի համաձայն, Ֆրանսիայի իշխանությունները պետք է խստորեն չեզոքություն պահպանեն այն ամենի վերաբերյալ, ինչը կրոնին է վերաբերում եւ չեն կարող ֆինանսավորել   կրոնական հոսանքներից ոչ մեկին: «Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում:

Կանաչների կուսակցության քաղաքային խորհրդի անդամ Ժյուլիետ Շենել Լե Ռուն այդ նախաձեռնությունը «անտաշություն» է կոչել` ընդգծելով, որ ահաբեկչի զոհերի թվում մահմեդականներ, հրեաներ, բողոքականներ, բուդդայականներ եւ աթեիստներ են եղել: 

Նիսի առափնյա Անգլիական պողոտայում ահաբեկչության հետեւանքով հուլիսի  14-ին 86 մարդ է զոհվել: