«Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն իրեն քաղբանտարկյալ է համարում, իր դեմ առաջադրված նոր` իշխանությունը զավթելու մեղադրանքը` շինծու:

Այս մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Մեղադրանք է առաջադրվել մի այլանդակ հոդվածով, որ կարող է առաջադրվել ցանկացած անձի դեմ: Մեղադրանքը շինծու է:  Հատկապես որ նման գործերով միշտ փորձ է արվում  նախաքննության ընթացքում  տարբեր կերպով տարբեր ցուցմունքներ կորզել»,- ասաց փաստաբանը:

Լեւոն Բաղդասարյանի խոսքով` Արթուր Վարդանյանը հայտնվել է անազատության մեջ ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով:

«Ներքաղաքական զարգացումների ժամանակ տեսել ենք նրան սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելիս, նա խոսել է տնտեսության թշվառ վիճակի, նաեի իշխանափոխության մասին»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ իշխանությունները պարզապես մեկուսացրել են նրան ու նրա պես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին. «Բոլոր նման մարդիկ վերցվեցին որպես խմբի անդամներ ու հայտնվեցին անազատության մեջ»:

Փաստաբանը նշեց նաեւ, որ նախկինի պես Արթուր Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված ոչ մի մեղադրանք:

Քրեական գործի նյութերին պաշտպանը դեռ չի հասցրել ծանոթանալ:

Նշենք, որ 20 հոգու մեղադրանքը խստացվել է:

Նախկին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, (223-րդ հոդվածի 1-ին մաս, 235-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանքներին ավելացվել է իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու մեղադրանքը (35-300-րդ հոդված):