Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Մարտունիում հրավիրել է խորհրդակցություն՝ շրջանի պատասխանատուների ու համայնքապետների հետ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:

ԼՂՀ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման փուլերն Արցախում եւ նախորդ տարիներին կատարված քայլերը: Նա հիմնական գծերով նշել է հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության եւ մեղվաբուծության ոլորտներին:

«Այս հայեցակարգը սահմանելու է գյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման սկզբունքներն ու պայմանները, այդ պատճառով ցանկանում ենք լայն հանրային ու փորձագիտական քննարկման միջոցով ապահովել  լավագույն մոդելի ընտրությունը եւ իրագործումը: Այն ընդգրկելու է թե՛ գյուղատնտեսության կազմակերպման, թե՛ պետական աջակցության ցուցաբերման եւ թե՛ հարակից այլ ուղղություններ»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ այդ ամենի հիմքում դրվելու է հողի գիտելիքահեն մշակությունը:

Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն համապատասխան գիտելիքներ ունեցող անձինք, քանի որ փորձը ցույց է տվել, որ տարիների ընթացքում ոլորտում կրած վնասները հիմնականում ոչ գրագետ մշակության արդյունք են: Այդ նպատակով, ըստ Ա. Հարությունյանի, առաջիկայում գյուղատնտեսության նախարարության կողմից կիրականացվեն մասնագիտական դասընթացներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վարչապետը նշել է, որ պետական քաղաքականությունը եւս ավելի խիստ է դառնալու, եւ աջակցություն է տրամադրվելու այն քաղաքացիներին, ովքեր գյուղատնտեսությամբ զբաղվելիս պահպանելու են անհրաժեշտ ագրոկանոնները:

Ա. Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի տնտեսությունը եւս համաշխարհային տնտեսության ինտեգրացիոն գործընթացի մաս է կազմում, եւ տեղական ապրանքն արտահանելու համար պետք է բոլոր առումներով մրցունակ լինի: «Գյուղմթերքի արտադրության կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհին կառավարությունը շարունակելու է աջակցել ֆերմերներին: Դրան զուգահեռ, մենք հրաժարվելու ենք ազդել գնագոյացման վրա. աստիճանաբար ազատ շուկայական հարաբերություններն են ձեւավորելու հացահատիկի իրական գինը»,- ասել է Ա. Հարությունյանը եւ կոչ արել համատեղ քննարկել առկա բոլոր հարցերը, որպեսզի  նախանշված պայմաններով աշխատելու համար խնդիրներ չլինեն:

Ներկաներից շատերը ողջունել են վարչապետի ներկայացրած առաջարկները եւ նշել, որ պատրաստ են մասնակցել հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ գործադիր իշխանության ղեկավարի ներկայացրած մեթոդների շահավետությունն արդեն տեսանելի է  առանձին տնտեսվարողների մոտ, եւ, համապատասխան պայմանների տրամադրման դեպքում, իրենք եւս պատրաստ են այդ եղանակներով աշխատել:

Հանդիպումից հետո, վարչապետը, մի շարք տնտեսվարողների ուղեկցությամբ, այցելել է նրանց կողմից արդի միջոցներով մշակվող ծխախոտի դաշտեր ու նռան այգիներ եւ ծանոթացել կատարվող աշխատանքներին: