Հայաստանի արտգործնախարարությունում այսօր կայացել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը:

Հավաքը բացվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: «Հայ դիվանագետ կոչվելը մեծ պատիվ է, այդ պատվին պետք է արժանի լինել ամեն օր ու ամեն վայրկյան, եւ այն պետք է կրել ամենամեծ պատասխանատվությամբ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ եւ դիվանագիտական տարեկան հավաքին մաղթում արգասաբեր գործունեություն»,- իր ելույթում նշել է նախագահը՝ դիվանագետներին կոչ անելով ավելի ակտիվորեն ներկայացնել Հայաստանի շահերն արտերկրում: Սերժ Սարգսյանը անեւ նկատել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու պահից կատարել է տասից ավել դեսպանների նշանակում: «Դրանցից միայն 2 են եղել դիվանագիտական ծառայության համակարգից դուրս անձանց թվից կատարված քաղաքական նշանակումներ: Դա խոսում է այն մասին, որ ես ցանկանում եմ դիտարկել դեսպանների աշխատանքը որպես մասնագիտական գործունեության տեսակ, որի առանցքը ձեր մասնագիտական որակներն ու Հայրենիքին, ոչ թե անձին նվիրվածությունն է: Բայց իմ այդ մոտեցումը պահանջում է փոխադարձ պատասխանատվություն»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, հավաքի մասնակիցները սեպտեմբերի 3-ին այցելելու են նաեւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպելու են ԼՂՀ իշխանությունների հետ:

Իսկ վաղը տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հավաքի արդյունքներն ամփոփող ասուլիսը: