Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ ազատ առեւտրի նոր պայմանագիր է կնքում, որը պայմանավորված է ԵՄ-ից դուրս գալով: Այս մասին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անկարա կատարած այցի ընթացքում:

«Մոտ ժամանակներս աշխատանքները կսկսի թուրք-բրիտանական առեւտրատնտեսական հանձնաժողովը: Անչափ կարեւոր է ազատ առեւտրի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքումը»,- ասել է Ջոնսոնը իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է եկել, բայց Եվրոպայից դուրս չի եկել:

«Այդ պատճառով մենք կշարունակենք Թուրքիային աջակցել: Խոսքը ոչ միայն 2,5 մլն բրիտանացի զբոսաշրջիկների մասին է, որոնք Թուրքիան են մեկնում հանգստանալու: Վերջին հինգ տարվա ընթացքում առեւտրի ոլորտում մեր փոխադարձ ծավալն աճում է»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: