Պերուում հնդկացիական գյուղի բնակիչները տարեց կնոջը ողջ-ողջ այրել են՝ նրան մեղադրելով կախարդության մեջ: Այս մասին El Nuevo Dia պորտալին հայտնել են տեղի դատախազությունից:

Բնակիչներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել է սպանության պահը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ձեռքերը կապկպած կնոջը տեղավորում ցախի մեջ, հետո բենզին լցնում եւ այրում:

Հանցագործությունը տեղի է ունեցել դժվարանցանելի գյուղում, որտեղից ամենամոտ բնակավայր հասնելու համար տասնյակ ժամեր են հարկավոր: Դրանով է բացատրվում, որ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած սպանության մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Ոստիկանության զինված ջոկատը գյուղ է հասել մի քանի օր անց միայն: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են այրված կնոջ մնացորդները: Նախնական տեղեկություններով, տեղի բնակիչները երեք օր շարունակ շարունակել են այրել կնոջ մարմինը:

Բնակիչների կատաղության պատճառը կասկածանքն է, որ 73-ամյա կինն անիծում է համագյուղացիներին եւ նրանց հիվանդություններ բերում:

Ընդ որում, մահից առաջ գյուղացիները «դատ» են կազմակերպել, որտեղ 40 մարդ կնոջը դատապարտել է մահվան եւ անգամ այդ մասին գրառում են արել գյուղի իրադարձությունների մատյանում: