Մոսկվայում շարունակվում է պայքարը, որի կենտրոնում ոչ այլ ինչ է, քան Կրեմլը: Հոկտեմբերի 18-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը կրկին քննելու է «Կնյաժեսկի» հիմնադրամի հայցը` ճանաչել Կրեմլի անժամկետ օգտագործման իրենց իրավունքը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Դատավոր Անդրեյ Գրեչիշկինը նախորդ նիստում (օգոստոսին) բավարարել էր հայցվորի միջնորդությունը` Մոսկվայի Կրեմլի շինությունների կադաստրային համարների մասին տվյալների պահանջի վերաբերյալ:

Հայցվորը չի կարող առանց այդ տեղեկատվության հստակեցնել իր պահանջները: Պատասխանող կողմը (ՌԴ կառավարությունն` ի դեմս մշակույթի նախարարության եւ Պետական ունեցվածքի նախարարության) դեմ են հայցի բավարարմանը:

«Կնյաժեսկի» հիմնադրամը, որը միավորում է Ռյուրիկովների տոհմի հետնորդներին, պնդում է, որ Կազանի կրեմլը եւ մերձմոսկովյան 10 հին շինություններ իրենց սեփականությունն է, որոնց շարքում են Բոլոկոլամսի, Մոժայսկի եւ Կոլոմենսկի կրեմլները:

Ընդհանուր առմամբ, Ռրյուրիկովների տոհմի ժառանգները հավակնում են 89 շինությունների, որոնք գտնվում են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Լեհաստանի  տարածքներում: